45 տարեկանից հետո կանայք ավելի հաճախ են տառապում այս հիվանդություններով

66

45 տարեկանից հետո կանանց գրեթե կեսը եւ յուրաքանչյուր երրորդ տղամարդը ենթակա են դեմենցիայի, Պարկինսոնի հիվանդության կամ ինսուլտ են տարել: Այդ մասին, վկայակոչելով Ռոտերդամի բժշկական կենտրոնի հետազոտողներին, հայտնել է CNN հեռուստաալիքը։
Հետազոտությանը մասնակցել է 45-ից բարձր տարիքի 12 հազար 102 մարդ, որոնք նկատմամբ հսկողություն է իրականացվել 1990-ից մինչեւ 2016 թվականը: Արդյունքում՝ պարզվել է, որ պացիենտներից 1489-ի մոտ կան դեմենցիայի նշաններ, 1285-ը ինսուլտ է տարել, իսկ 263-ի մոտ հայտնաբերվել է Պարկինսոնի հիվանդություն:

Ինչպես պարզվել է, կանայք ավելի շատ են ենթակա այս հիվանդություններին. նրանց մոտ հիվանդանալու հնարավորությունը կազմում է 48,2 տոկոս: Մինչդեռ տղամարդկանց մոտ ռիսկի ցուցանիշը փոքր-քիչ ավելի ցածր է եւ հավասար է 36,3 տոկոսի:

Կանանց առողջության համար ամենամեծ սպառնալիքը ներկայացնում է հատկապես դեմենցիան. այդ հիվանդությունն ախտորոշել են 25,9 տոկոսի մոտ այն դեպքում, երբ տղամարդկանց մոտ այս հիվանդության ախտանշաններն ի հայտ են եկել միայն 13,7 տոկոսի մոտ:
Այս հիվանդություններից մեկի զոհը դառնալու ամենափոքր շանսերը վերաբերում են Պարկինսոնի հիվանդությանը, որն ախտորոշել են տղամարդկանց 3,6 տոկոսի եւ կանանց՝ 3,3 տոկոսի մոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: