Բժիշկները համոզում էին 60-ամյա կնոջը չծննդաբերել, սակայն այսօր փոքրիկ Կլեոպատրան արդեն 5 տարեկան է

77

2015 թվականի հունվարին մոսկովյան ծննդատներից մեկում մի իրադարձություն տեղի ունեցավ, որը ոտքի հանեց ոչ միայն Ռուսաստանի, այլև արտասահմանյան բժիշկներին։ 60-ամյա մոսկվաբնակ Գալինա Շուբենինան բնական ճանապարհով լիովին առողջ աղջիկ երեխա ունեցավ։ Կլեոպատրա․ այսպես է փոքրիկի անունը, որը լույս աշխարհ եկավ 2,8 քաշով և 49 սմ հասակով։ Հենց նրա մասին է այսօրվա մեր պատմությունը։

Բժիշկներն ամեն կերպ փորձում էին նրան համոզել հետ կանգնել այդ տարիքում երեխա ունենալու ցանկությունից, քանի որ մեծ էր ռիսկը։ Բարեբախտաբար, բժիշկների մտավախությունները չիրականացան, և վերջերս աղջիկն արդեն չորս տարեկան դարձավ։ Նա գեղեցիկ է, խելացի և շատ շփվող։

Գալինան լրագրողներին պատմել է իր կյանքի ողբերգական պատմությունը։ Նա մեծ որդի է ունեցել, որը զոհվել է։ Կինը կոտրված էր և երազում էր կրկին մայրանալու մասին։ Իսկ երբ ծանոթացավ իր երկրորդ ամուսնու՝ Ալեքսեյի հետ, որը ութ տարով իրենից փոքր է, նրանք սկսեցին լրջորեն մտածել երեխա ունենալու մասին։

Գիտակցելով տարիքի հետ կապված բոլոր ռիսկերը՝ նրանք հանձնեցին հնարավոր անալիզներն ու անցան բոլոր հետազոտությունները։ Չնայած որ ամեն բան նորմալ էր թվում, բժիշկները համոզում էին նրանց հետ կանգնել իրենց որոշումից։ Բարեբախտաբար, հիմա կարելի է վստահաբար ասել, որ Կլեոպատրան առողջական որևէ խնդիր չունի։ Մայրը նշում է, որ փոքրիկը շատ խելացի է, շփվող, արագ ռեակցիա ունի։ Նա բազմաթիվ հետաքրքրություններ ունի․ չորս տարեկանում սահում է չմուշկների վրա, լավ շախմատ է խաղում և օտար լեզուներ է ուսումնասիրում։ Գալինան նշում է, որ իր փոքրիկը չի քաշվում զբոսաշրջիկների հետ անգլերեն խոսելուց, իսկ նրանք հաճույքով լուսանկարվում են նրա հետ։

Հիմա փոքրիկը, ինչպես իր տարիքի շատ երեխաներ, երազում է հեծանիվի մասին։ Ծնողները դեռ բավարար միջոցներ չունեն և գումար են հավաքում նրա երազանքն իրականացնելու համար։

Գալինան խոստովանում է, որ մարդիկ հիմնականում կարծում են, թե ինքը փոքրիկի տատիկն է, իսկ երբ իմանում են, որ մայրն է, մի մասը հիանում է նրա համարձակությամբ, իսկ մյուս մասը նրան խելապակաս է համարում։

Գալինան նաև պատմում է, որ Կլեոպատրան հաջողություն է բերում։ Նրա ծանոթի դուստրը չէր կարողանում հղիանալ, և մայրը շատ էր անհանգստանում։ Այդ ժամանակ Գալինան նրան առաջարկել է գրկել Կլեոպատրային և հրաշք է տեղի ունեցել. կինն իրոք շուտով տատիկ է դարձել։ Եվ դա միակ դեպքը չէ։ Ընդ որում՝ Կլեոպատրայի հետ շփվելուց հետո միշտ աղջիկներ են ծնվում։

Այս ընտանիքը տարբեր թոքշոուների հաճախակի հյուրն է դարձել։ Կլեոպատրան արդեն ծանոթացել և ընկերացել է Անդրեյ Մալախովի և Իվան Կրասկոյի հետ։ Դերասանը շատ է հավանել փոքրիկին և խոստովանել է, որ բարի նախանձով է նայում նրա ծնողներին։